ԱՄՆ-ը այլեւս գաղտնի չի պահելու իր ատոմային զինանոցի տվյալները: Ինչպես Ատոմային զենքի չտարածման պայմանագրի խորհրդաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, «սկսած այսօրվանից՝ ԱՄՆ-ը տեղեկացնելու է իր ատոմային զինանոցում մարտագլխիկների թվաքանակի մասին»:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», Պենտագոնը հայտարարել է, թե անցած տարվա սեպտեմբերի դրությամբ, իր տրամադրության տակ են գտնվում 5113 մարտագլխիկներ: 1967թ.՝ «սառը պատերազմի» ժամանակ ԱՄՆ-ը ունեցել է ավելի քան 31000 մարտագլխիկ: 1967թ. համեմատությամբ, երբ ԱՄՆ-ում եղել է 31255 մարտագլխիկ, ատոմային զինանոցը կրճատվել է 84 տոկոսով: Բեռլինյան պատի անկումից հետո ԱՄՆ ատոմային զինանոցը կրճատվել է 75 տոկոսով:
Ամերիկյան գիտնականների տվյալներով, 1945թ.-ից սկսած՝ ԱՄՆ-ում արտադրվել է 70 հազար ատոմային արկ: Անցած տարեվերջին Պենտագոնն ունեցել է 1,7 հազար օպերատիվ մարտագլխիկ, ե 2,5 հազար պահեստային: ԱՄՆ-ի մոտ 200-240 մարտագլխիկներ գտնվում են Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների եւ Թուրքիայի ավիաբազաներում:




























