Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակությանը, որը Հայաստանում է օգոստոսի 1-8-ը այստեղ առաջին անգամ անցկացվող ՀՄԸՄ խաղերին մասնակցելու նպատակով:

Ողջունելով ստուգատեսի մասնակիցներին` երկրի ղեկավարը կարեւորել է այն իրողությունը, որ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հերթական խաղերն այս տարի, միության պատմության մեջ առաջին անգամ, տեղի են ունենում Հայաստանում:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մշտապես աջակցելու է սփյուռքում գործող հայկական կազմակերպություններին: «Հայաստանի Հանրապետության հնարավորությունները գնալով մեծանալու են, եւ դրան զուգահեռ` անպայման աշխատելու ենք մեր դերակատարությունը բարձրացնել, որովհետեւ համոզված ենք, որ սփյուռքն ուժեղ է Հայաստանով, Հայաստանն ուժեղ է սփյուռքով: Սփյուռքով Հայաստանը 10 միլիոնանոց ժողովուրդ է, որ ունի ռեսուրսներ, մեծ հնարավորություն եւ ցանկություն` ստեղծելու փոքրիկ, բայց շատ գեղեցիկ եւ զարգացած մի երկիր»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Այնուհետեւ երկրի ղեկավարը ներկաների խնրանքով անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա զարգացումներին, նաեւ` հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված գործընթացին:

Սերժ Սարգսյանն ասել է, որ բանակցություններում հայկական կողմը շարունակում է հանդես գալ հակամարտության լուծման առանցքային երեք սկզբունքների շրջանակում`ԼՂ կարգավիճակի ամրագրում, ցամաքային կապ Հայաստանի հետ եւ ԼՂ անվտանգության հստակ երաշխիքների ապահովում: Երկրի ղեկավարի խոսքով` բանակցությունների արդյունքում ձեւավորվելիք լուծման տարբերակը ներկայացվելու է քաղաքական ուժերի եւ հանրության համակողմանի քննարկմանը եւ վերջնական որոշում կայացվելու է ըստ այդմ:

Հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ հարցին ի պատասխան` Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ խոսքը հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման մասին է: