Հայաստանում մի շարք համայնքապետարաններ սոցիալական աջակցություն են ցուցաբերում՝ չկատարելով իրենց ուղիղ պարտականությունները: Այս մասին հայտարարել է «Հայաստանի ֆինանսիստների միության» նախագահ Վահան Մովսիսյանը՝ Աղվերանում գյուղական համայնքների ամրապնդմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպվել էր Տարածքային կառավարման նախարարության աջակցությամբ:

Նա նշել է, որ շատ համայնքներում, հատկապես ոչ մեծ, գրեթե ողջ բյուջեն ծախսվում է ապարատի պահպանման վրա, մնացածին գումար չի հերիքում: Այդուհանդերձ, հենց մի փոքր ազատ գումար է հայտնվում, գյուղապետերը նախընտրում են դրանք ծախսել սոցիալական աջակցության վրա, թեեւ դա չի ներառված նրանց պարտադիր լիազորությունների շարքում:

Այսպես, այն գյուղական համայնքներում, որտեղ բնակչությունը 100-ից քիչ է (կա այդպիսի 30 համայնք), ծախսերի 88 տոկոսը ընկնում է աշխատակազմի պահպանման ծախսերին: Որքան մեծ է համայնքը, այնքան քիչ է աշխատակազմի պահպանման ծախսերի տեսակարար կշիռն ընդհանուր ծախսերի մեջ:

22 ամենափոքր համայնքներում ոչ մի ծառայություն չի մատուցվում, քանի որ դրա համար գումար չի մնում: 36 համայնքներ միայն մեկ ծառայություն են մատուցում (առավել հաճախ դա գրադարանն է, որ մնացել է խորհրդային տարիներից): Եւս երկու տասնյակ համայնքներ մատուցում են երկու ծառայություն: