Մաքսային միությունը Հայաստանին արտոնություններ կտա այն դեպքում, եթե Հայաստանն ինքը ցանկանա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Մաքսային միությունը մեզ ժամանակ է տալու ադապտացվելու համար, քանի որ մյուս երկրներում մաքսատուրքերն ավելի բարձր են: 

«Հայաստանը եթե ցանկություն ունենա իր տնտեսությունը զարգացնել, եթե ցանկանա, որ մաքսատուրքերը լինեն իր ուզածով, ապա արտոնություններ կստանա: Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այդ ցանկությունը չունի, որովհետեւ այնքան արագ է ամեն ինչ կատարում, որ նույնիսկ ռուս փորձագետներն են զարմանում»,- ասաց նա:

Փորձագետի խոսքով՝ նախագահի գործողություններում չի երեւում, որ ինքը ցանկանում է Հայաստանի տնտեսությունը զարգացնել. «Եթե նախագահը ցանկանար տնտեսությունը զարգացնել, ապա կվերացներ կոռուպցիան, կզարգացներ փոքր եւ միջին բիզնեսը, որը սակայն ինչպես տեսնում ենք, չկա: Էական նշանակություն չկա, թե մենք ինչ պայմանագրի կստորագրենք, եթե դու ցանկություն չունես զարգացնելու տնտեսությունդ, այդ միությունները քեզ չեն օգնելու»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել էր. ««Զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Օրինակի համար, ենթադրենք՝ մեքենաների ներմուծման մասով. ակնհայտ է, որ ՄՄ անդամ երկրները ավելի մեծ դրույքաչափ են կիրառում ավտոմեքենաների ներմուծման ժամանակ, մենք՝ ավելի քիչ: Բայց այդ դրույքաչափերի կիրառումը անպայման հետաձգվելու է 5-10 տարով: Ավտոմեքենաների ներմուծման հարցը զգայուն հարց է, մենք խնդրել ենք ժամանակ, խնդրանքը հարգվել է, եւ մենք ունենալու ենք նվազագույնը՝ 5 տարի ժամանակ: Այդ ժամանակում կադապտացվենք: Այդպես՝ բոլոր զգայուն ապրանքատեսակների դեպքում»: