Թեեւ կրկնակի նվազել են ապօրինի անտառահատումները, սակայն այս բնագավառում դեռ շատ են օրախնդիր հարցերը: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, գյուղնախարարությունում Հայաստանի անտառային տնտեսությանն առնչվող հիմնախնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ նշել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարության պատասխանատուներից եւ համապատասխան ծառայությունների մասնագետներից բացի, խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ բնապահպանության ոլորտում գործող հասարակական եւ միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց քննարկմանն էին ներկայացված «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, անտառային տնտեսության վարման արդի վիճակի եւ խնդիրների, 2014 թվականի առաջին կիսամյակում «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն»-ի կողմից կատարված աշխատանքների արդյունքների մասին հարցերը:
Վերջիններիս վերաբերյալ ներկայացված զեկուցումների շահագրգիռ քննարկման արդյունքում խորհրդակցության մասնակիցները դրականորեն արձագանքեցին հասարակական կազմակերպությունների հետ նման հանդիպումներ կազմակերպելու միջոցով ոլորտային խնդիրներին լուծում տալու ՀՀ գյուղատնտեսության նախարարության որդեգրած քաղաքականությանը:
ՀՀ անտառային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները գնահատվեցին որպես հիմնավորված եւ անհրաժեշտ:
Ամփոփելով անտառային տնտեսության վարման արդի վիճակի մասին հնչած կարծիքներն ու տեսակետները, նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ չնայած վերջին մի քանի տարիներին որոշակի աշխատանքներ են կատարվել անտառների պահպանության եւ վերականգնման ուղղությամբ, մասնավորապես կրկնակի նվազել են ապօրինի անտառահատումները, սակայն այս բնագավառում դեռ շատ են օրախնդիր հարցերը, որոնց լուծման գործում ակնկալվում է հասարարակական կազմակերպությունների գործուն աջակցությունը:




























