«Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծում փոփոխությունների քվեարկությունն անվավեր է: Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին, խորհրդարանում ոչ իշխանական քառյակի (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») ներկայացուցիչների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք հայտարարում ենք, որ քննարկումն ու քվեարկությունը անվավեր են եղել: Մենք հասարակության  հետ կշարունակենք պայքարել Սահմանադրական դատարանի վճռի ամբողջությամբ իրականացման համար», - հայտարարեց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո, ընդդիմությունը՝ ՀՅԴ եւ ՀԱԿ խմբակցության անդամները, մատնանշել են իշխանական պատգամավորներին իրենց կոլեգաների բացակայությունը: Օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ 131-ից 67 ձայնով, սակայն ընդդիմության խոսքով՝ դահլիճում ներկա էին իշխող կուսակցության միայն 64 պատգամավոր: