Խորհրդարանում ներկայացվել է KfW բանկից ջրամատակարարման բարելավման համար 30 մլն եվրոյի վարկ վերցնելու նախագիծը։ Համաձայնագիրը, որը ապրիլին ստորագրել էին ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանն ու Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, վավերացման է ներկայացրել ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։
Համաձայնագիրը նախատեսում է 30 մլն եվրոյի վարկ վերցնել 15 տարով՝ 5 տարվա արտոնյալ ժամկետով, տարեկան 1,7% տոկոսադրույքով։ Նախատեսվում է նաեւ 2,5 մլն եվրոյի դրամաշնորհ։
Ֆինանսական ծրագրի առաջին փուլով՝ 4,5 մլն եվրոյով արդեն ջրամատակարարման ցանցերի եւ ջրամբարների վերանորոգվման աշխատանքներ են կատարվել։ Վավերացման ներկայացված երկրորդ փուլով շուրջօրյա ջրամատակարարում կապահովվի ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում եւ Շիրակի մարզի եւս 14 բնակավայրերում։ Այլ վայրերում ջրամատակարարման տեւողությունը կավելանա մի քանի ժամով։ Հարեւան Լոռու մարզում եւս շուրջօրյա ջրամատակարարում կապահովվի։ Արմավիրի մարզում 10 կմ-անոց ջրատար կկառուցվի, ինչպես նաեւ մանրէաբանական լաբորատորիա՝ հաշվի առնելով տարածքի համաճարակային ռիսկերը։
«Ջրամատակարարման բարելավման ծրագրի ընդհանուր ծավալը կկազմի 73,5 մլն եվրո։ Այժմ բանակցություններ է տարվում Եվրոպական ներդրումային հիմնադրամի հետ 25,5 մլն եվրոյի արտոնյալ վարկի համար, իսկ Եվրոպական հարեւանության ներդրումային հիմնադրամի հետ՝ եւս 15 միլիոնի։ Սա թույլ կտա եւս 506 գյուղում շուրջօրյա ջրամատակարարում ապահովել», - հայտարարել է ֆինանսների փոխնախարարը։
Նշենք, գերմանական KfW բանկը Հայաստանի խոշորագույն դոնորներից է։ Հայաստանին KfW-ի տրամադրած օգնության ընդհանուր ծավալը վերջին 20 տարում կազմել է մոտ 500 մլն եվրո։




























