ՀՅԴ-ն կարող է ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկել կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի՝ այսօր կայացած քվեարկությունը: Այս մասին ոչ իշխանական ուժերի քառյակի («Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով, կարող է վիճարկվել ոչ միայն նիստերի դահլիճում իշխող ՀՀԿ խմբակցության գործողությունների սահմանադրականությունը, այլեւ հենց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները: ՀՅԴ-ն այդ գաղափարը ներկայացնելու է քառյակի ուշադրությանը:

Նշենք, որ առաջին ընթերցմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններն ընդունելուց հետո ընդդիմությունն իշխանական պատգամավորներին մեղադրեց բացակայող գործընկերների փոխարեն քվեարկելու համար: Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 կողմ ձայնով, սակայն, ընդդիմության հավաստմամբ, դահլիճում իշխող կուսակցության միայն 64 պատգամավոր կար: