ՕԵԿ խմբակցությունը համաձայն է միանալ կուտակային կենսաթոշակների դեմ քառյակի հայտարարությանը։ Այս մասին հունիսի 21-ին խորհրդարանում ոչ իշխանական քառյակի համատեղ ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։
Ըստ նրա՝ քառյակն արդեն քննարկումներ ունեցել է «Օրինաց երկրի» հետ, եկել նախնական փոխհամաձայնության, հավելել է Հակոբյանը:
Նա նաեւ հավելել է, որ խմբակցությունները կշարունակեն աշխատել կենսաթոշակային բարեփոխման այլընտրանքային օրինագծի վրա: «Այդպիսի օրինագիծ ուներ ՀՅԴ-ն, տեսակետներ կային նաեւ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, եւ մեզ մոտ: Սա մեր ընդհանուր գործն է: Բոլորս՝ ներառյալ «Օրինաց երկիրը», կմիավորենք մեր դիրքորոշումները եւ կկազմենք մեր օրինագիծը», - հայտարարել է Հակոբյանը:
Նշենք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունվել են 67 «կողմ» ձայնով։ Ընդդիմությունը իշխանական կուսակցությանը մեղադրել էր՝ ասելով, որ իրականում 64 մարդ է քվեարկել, ինչը պատգամավորների ընդհանուր թվի կեսից էլ քիչ է, ուստի քվեարկությունն անվավեր է։





























