ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունը անվավեր են: Այս մասին, նշված է հունիսի 21-ին, ԱԺ արտահերթ նիստում կառավարության կողմից ներկայացված` կուտակային կենսաթոշակային նոր օրենսդրական փաթեթի քվեարկության վերաբերյալ ոչ իշխանական քառյակի տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«ԱԺ հունիսի 21-ի նիստի ընթացքում ԱԺ ղեկավարությունը բազմիցս խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը` սահմանափակելով խմբակցությունների եւ անհատ պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը, առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննարկումների, խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը, խորհրդարանին պարտադրել վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր:
Արտահերթ նստաշրջանի այս փաթեթում ներառված էր նաեւ ժողովրդի գերակշիռ մեծամասնության եւ քաղաքական ուժերի մեծամասնության կողմից մերժված կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրական փաթեթը, որը փորձ արվեց անցկացնել Սահմանադրության, իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը թե քաղաքական, թե իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, ինչը լրջարեն խարխլում է մեր պետականության հիմքերը:
Ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են , որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունը անվավեր են: Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը եւ հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք պայքարել` ՍԴ որոշման ամբողջական կիրառման համար»:




























