Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որտեղ ընդգրված էր մեկ հարց` «Կրթության բարելավմանն ուղղված Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրի ներկայացում», որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը:
Բացելով նիստը` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Համաշխարհային բանկի հետ տարիներ շարունակ իրականացվել է կրթության ոլորտի փոփոխությունների հսկայական ծրագիր: «Համաշխարհային բանկը մեր ամենահուսալի գործընկերներից է. բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագիրը մինչեւ տարեվերջ կամփոփվի, սակայն այս ընթացքում տարվել են աշխատանքներ` նոր վարկային ծրագրի ուղղությամբ: Մասնավորապես, ընտրվել են թիրախներ, ըստ այդմ` կրթության բարեփոխումների շարունակականության գերակայությամբ սահմանվել են որոշակի ուղղություներ, որոնք ներառված են նոր վարկային ծրագրում: Ծրագիրը նախատեսված է որպես կրթության համակարգի գալիք չորս տարիների բարեփոխումների հիմնական, բայց ոչ միակ մաս: Հատուկ ուզում եմ շեշտել, որ միայն այս վարկային ծրագրով չի պայմանավորվելու կրթական համակարգի զարգացումը. այն գալիս է լրացնելու բարեփոխումների մի կարեւոր հատվածի` շեշտադրումը դնելով նախորդ ծրագրերի շարունակության, ինչպես նաեւ նոր մարտահրավերներին ընդառաջ որոշակի խնդիրներ կարգավորելու անհրաժեշտության վրա»,-նշել է նախարարը:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանը, ներկայացնելով ծրագիրը, նշել է, որ Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին օժանդակություն տրամադրելու խնդրանքով` Կրթության բարելավման ծրագրի իրականացման համար: Ըստ բանախոսի` ծրագրի նպատակն է` աջակցել կրթության բարելավմանը հիմնական երկու ուղղություններով. աջակցություն հանրակրթության հետագա բարելավմանը եւ աջակցություն մասնագիտական կրթության ոլորտում նորարարությունների խթանմանը: Հ. Ղազարյանի ներկայացմամբ` ծրագրի տեւողությունն է 5 տարի, մեկնարկը նախատեսվում է 2014 թվականի սեպտեմբերից: Ծրագիրը ֆինանսավորելու համար նախատեսված է 37,5 մլն. ԱՄՆ դոլար: Հանրակրթության հետագա բարելավմանն ուղղված բաղադրիչը նախատեսվում է իրականացնել չորս հիմնական ուղղություններով՝ դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում եւ կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում, աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը, կրթության համակարգում տվյալների հավաքագրման եւ առաջընթացի մշտադիտարկման բարելավում, ինչպես նաեւ աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի եւ չափորոշիչների վերանայման միջոցով: Մասնագիտական կրթության ոլորտում նորարարությունների խթանումը կիրականացվի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացման միջոցով: Այն կտրամադրի նպատակային դրամաշնորհներ` կրթական հաստատություններին կրթական եւ ենթակառուցվածքային կարողությունների բարելավման եւ արդիականացման համար: Ծրագրի երրորդ բաղադրիչը վերաբերում է ծրագրի մոնիտորինգին եւ կառավարմանը:
Անդրադառնալով Համաշխարհային բանկի հետ իրականացվող վարկային նոր ծրագրին` Ա. Աշոտյանը նշել է, որ նախորդ վարկային ծրագրի համեմատ` այս ծրագրում ավելի քիչ ուղղություներ են ներառված` շեշտադրումը դնելով մի քանի գերակայությունների վրա: "Ավագ դպրոցներն ընտրվել են` որպես հանրակրթության բարեփոխումների շրջանակում առ այսօր ամենաքննարկվող փոփոխություններից մեկը, որի սկիզբը դրվեց 2008 թվականին, սական ճգնաժամի եւ հետճգնաժամային տարիներով պայմանավորված` նախկինում հանձն առած մի շարք պարտավորություններ մնացել են անկատար` նյութագույքային եւ շենքային պայմանների բարելավման տեսանկյունից: Հրատապ է նաեւ կրթության բովանդակության վերանայման խնդիրը", -նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը մշակել է բուհերին աջակցելու նոր մեխանիզմներ. ներկայումս ամենամեծ ֆինանսական հոսքն ուղղվում է Նորարարություների մրցակցային հիմնադրամի միջոցով` արդիականացնելու բուհերի ենթակառուցվածքները:
Կոլեգիայի անդամները մի շարք հարցեր են ուղղել հիմնական բանախոսին, ծավալվել է բուռն քննարկում: Կոլեգիայի նիստի ավարտին ընդունվել է համապատասխան որոշում:




























