Նախորդ շաբաթ ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության արդյունքում Երեւանում հայտնաբերվել է իրավախախտման 11 դեպք, որոնցից 3 դեպքով արդեն իսկ կատարվել են քանդման աշխատանքներ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քանդման դեպքերից մեկը մոտ 1000 քմ մակերեսով ապօրինի կառուցվող խոշորածավալ շինություն է եղել, որի ապամոնտաժումից հետո տարածքը սահմանազատվել է թիթեղյա ցանկապատով, տեղում ընթանում են մաքրման աշխատանքներ: Հանձնարարվել է շարունակել գործընթացը՝ հիմնական շեշտը դնելով ապօրինաշինությունների կանխարգելման վրա:
«Ապօրինի շինությունների հայտնաբերման եւ քանդման ուղղությամբ Երեւանի քաղաքապետարանի կողմից վերջին տարիներին իրականացվող հետեւողական աշխատանքի արդյունքներն իսկապես նկատելի են, սակայն այս ուղղությամբ անելիքներ դեռ կան: Այդ ուղղությամբ հսկողությունը պետք է լինի մշտական: Բազմիցս եմ նշել, որ այս երեւույթը մեզ համար անընդունելի է, եւ ապօրինության ցանկացած փորձ կանխվելու է, իսկ այն կատարողներն էլ ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Ամենափոքր խախտման դեպքում անգամ օրենքի ամբողջ խստությամբ ձեռնարկեք համապատասխան քայլերը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:




























