Հայաստանում լավ բիզնես-մթնոլորտ է համաշխարհային մակարդակի ֆրանշիզայի ստեղծման համար: Այս մասին «DigiTec Business» ֆորումի ընթացքում NEWS.am-ի թղթակցին ասել է  Երեւանում «The Green Bean» սրճարանի հիմնադիրներից ամերիկացի Դեյվիդ Բեքեթը:

Իր առաջին սրճարանը Երեւանում բացած ընկերությունը ֆորումում ներկայացել է «Կոնվերս բանկի» տաղավարում և հաճախորդներին ցուցադրել բանկի բջջային հավելվածի հնարավորությունը, այն է` սրճարանում վճարել բջջային սարքի օգնությամբ:

«Գումարը փոխանցելիս հաճախորդից կոմիսիոն վճար չի պահվում: Այդ վճարը բանկին մուծում է խանութը կամ ռեստորանը: Ծառայության նորարարությունն այն է, որ դրա միջոցով կարելի է վճարել ցանկացած խանութի կամ ռեստորանի հաշիվը, որը գրանցված կլինի հավելվածում»,- նշել է  Բեքեթը:

Տարեվերջին ընկերությունը ծրագրում է սրճարան բացել Թբիլիսիում, իսկ հետո՝ եւս մեկը, հնարավոր է, միջինասիական հանրապետություններից մեկում: «Սա կլինի առաջին միջազգային հայկական ֆրանշիզան: Մենք վստահ ենք», - ասաց Բեքեթը:

«The Green Bean»-ի հիմնադիրներից են երկու քույրեր Երեւանից, որոնք ամուսնացել են ԱՄՆ-ում: Նրանք էլ ցույց են տվել Հայատանն իրենց բիզնես-գործընկերներին: «Մենք որոշեցինք, որ այստեղ շատ լավ է եւ հարմար բիզնես սկսելու համար: Բացի դրանից, այսպիսի էկոլոգիապես մաքուր սուրճ, ինչպիսին մերն է, չկա նույնիսկ Երեւանում: Եվ հետո, այս բիզնեսն այստեղ կարելի է ավելի էժան հիմնել, քան Եվրոպայի այլ երկրներում կամ ԱՄՆ-ում», - ասաց նա:

Սրճարանը իր հաճախորդներին «Կոնվերս բանկի» հավելվածից օգտվելու հնարավորությունը ներկայացրել է որպես նախատիպ, իսկ շուրջ մեկ ամսից այն կընձեռվի արդեն աշխատանքային ռեժիմում: 

«DigiTec Business» IT ֆորումը Երեւանում տեղի է ունեցել հունիսի 20-21-ին: Կազմակերպիչն էր Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը  (UITE), գլխավոր հովանավորը՝ «Բիլայն» ընկերությունը: Ֆորումն անցկացվել է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: