Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն, այսօր՝ հունիսի 25-ին, կազմակերպել էր հանդիպում փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մրցակցային իրավիճակին վերաբերող վերջինների խնդիրները, առաջարկներն ու մտահոգությունները:
Քննարկմանը ներկա էին դեղորայքի, կաթնամթերքի, հրուշակեղենի, քաղցրավենիքի, սպիրտային խմիչքների տեղական արտադրությամբ զբաղվող, ինչպես նաեւ տեքստիլ արդյունաբերության եւ մանրածախ առեւտրի ոլորտում գործող տնտեսվարողներ:
Հանդիպման ընթացքում տնտեսվարողները բարձրացրեցին մի շարք խնդիրներ: Մասնավորապես սպիրտային խմիչքների արտադրությամբ զբաղվող «Տավինկո» ընկերության տնօրեն Գագիկ Հակոբյանը նշեց, որ օրենսդրությամբ պահանջի համաձայն, սպիրտային խմիչքների արտադրության եւ ներմուծման համար առկա է 15 մլն դրամ տարեկան տուրքի վճարման պահանջ՝ անկախ ընկերության ծավալներից: Սակայն, փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող ընկերությունների համար այդ գումարը բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում: Մասնավորապես փոքր ընկերությունները ունենում են էական խնդիրներ՝ քանի որ հաճախ համապատասխան դրամական միջոցներ չեն ունենում: Հանձնաժողովի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչութայն պետ Արման Մանասերյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ խնդրի հետ կապված Հանձնաժողովը արդեն իսկ որոշակի ուսումնասիրություններ է իրականացրել: «Նման ծավալի գումարների վճարումը նաեւ իր ազդեցություն է թողնում իրացման գների վրա: Մասնավորապես փոքր ընկերությունների դեպքում պետական տուրքի գումարը մեկ միավոր արտադրանքի հաշվով գերազանցում է 1000 դրամը, իսկ խոշոր ընկերությունների պարագայում այն կազմում է շուրջ 10 դրամ՝ առաջացնելով անհավասար պայմաններ մրցակից ընկերությունների միջեւ: Հետեւապես Հանձնաժողովը կշարունակի ուսումնասիրությունները եւ առաջիակյում կներկայացնի իր տեսակետը՝ խնդրի լուծման ուղղությամբ»,- նշեց Ա. Մանասերյյանը:




























