Պահնորդական ծառայություն իրականացնող ընկերությունները բողոքում են, որ պետական գնումների ոլորտում առկա խնդիրները թույլ չեն տալիս աշխատել արդար դաշտում: Նրանք պնդում են, որ այս ոլորտում գործում են անհավասար պայմաններ: Խոսքը վերաբերում է մասնավորապես այն ընկերություններին, որոնք պետական տարբեր կառույցներում իրականացնում են պահնորդական գործունեություն: Այս մասին պահնորդական ծառայություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներն ասացին այսօր՝ հունիսի 25-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ասաց, որ նշված ոլորտը արդեն իսկ ուսումնասիրվում է ՏՄՊՊՀ- կողմից. «Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել պահնորդական ծառայությունների մատուցման ոլորտում եւ բացահայտել է, որ, իսկապես առկա է խնդիր: Շատ դեպքերում մրցույթ հայտարարողների կողմից առաջադրվում են այնպիսի պայմաններ, որ փոքր կազմակերպությունները չեն կարողանում բավարարել ներկայացված պայմաններին, դուրս են մնում, եւ փաստացի մրցույթին մասնակցում են մեկ կամ երկու խոշոր կազմակերպություններ»,- նշեց Ա. Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ ուսումնասիրության ավարտին կբացահայտվեն այս ոլորտում առկա բոլոր խախտումները, իսկ դրանց լուծման ուղղությամբ, օրենքի սահմաններում ՏՄՊՊՀ կողմից համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Հանդիպման ընթացքում կաթնամթերքի եւ քաղցրավենքիի արտադրությամբ զբաղվող ընկերություններն էլ բարձրացրեցին առեւտրային ցանցերի կողմից մատակարարված ապրանքների դիմաց վճարումների ժամկետների ուշացման խնդիրը:
Մասնավորապես այն դեպքում, երբ մատակարարվող ապրանքների ժամկետները կարճ են (օրինակ կաթնամթերքի բնագավառում), դրանց գծով վճարումները առաջարկվում է կատարել մատակարարման ժամկետներին համարժեք: Բացի վերը նշված խնդիրներից, ապրանքների փաստաթղթաշրջանառությանը, դրամական միջոցների կանխիկ եւ անկանխիկ շրջանառությանը, ապրանքների մակնշմանը եւ պետական գնումների բնագավառում առաջացող խնդիրին առնչվող հարցեր: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ բարձրացված բոլոր խնդիրները կարճ ժամկետներում կուսումնասիրվեն: Բոլոր այն խնդիրները, որոնք դուրս են Հանձնաժողովի լիազորության եւ կարգավորման դաշտից, առաջարկների փաթեթով կուղարկվեն համապատասխան պետական գերատեսչություններ:




























