Բրիտանիայի կառավարությունը Շարիաթի օրենքներին համապատասխան 200 միլիոն ֆունտ սթեռլինգի (340.5 միլիոն դոլար) պարտատոմսեր է տեղադրել, ընդ որում, այս պարտատոմսերի պահանջարկը կազմել է 2 միլիարդ ֆունտ:

«Ֆինմարքեթ»-ի փոխանցմամբ, իսլամական արժեթղթերի (սուկուկ) տեղադրումը առաջինն է Մեծ Բրիտանիայի եւ պարտատոմսերի արեւմտյան շուկայի պատմության մեջ:

Հնգամյա սուկուկը տոկոսների վճարում չի ենթադրում, իսկ դրանից ստացված եկամուտները վճարվելու են՝ ելնելով Լոնդոնի անշարժ գույքի շուկայում կառավարությանը պատկանող երեք կառույցներից ստացված վարձակալությունից:

Սպասվում է, որ այս կերպ պարտատոմսերի դրույքաչափը կկազմի 2.036 տոկոս:

Moody's-ի գնահատմամբ, 2013 թվականին համաշխարհային շուկայում սուկուկի ծավալները գերազանցել են 21 մլրդ դոլարը: Գործակալությունը կանխատեսում է, որ 2014-ի վերջին այդ ցուցանիշը կհասնի 60 մլրդ դոլարի:

Անցյալ տարի Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը մտադիր է Լոնդոնը դարձնել Արեւմուտքում իսմալական բանկային համակարգի խոշորագույն կենտրոն: