Կառավարությունը հավանություն չի տվել փոքր եւ միջին բիզնեսին նոր սերնդի թանկարժեք ՀԴՄ-ներից ազատելու մասին ԲՀԿ-ական պատգամավորների նախաձեռնությանը: Կառավարության հունիսի 26-ի նիստում ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը հայտնել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ները անհրաժեշտ են լիարժեք հարկային հաշվառման համար:

Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի մշակած օրինագծով առաջարկվում էր նոր սերնդի ՀԴՄ-ներից ազատել տարեկան մինչեւ  100 մլն դրամի (մոտ 244 հազ. դոլար) շրջանառություն ունեցող բիզնեսին՝ այն հիմքով, որ սարքի արժեքը հասնում է 367 հազար դրամի (900 դոլար):

Կառավարության պարզաբանման մեջ նշվում է, որ դրամարկղային նոր սարքերը կարող են ոչ միայն կտրոններ տալ, այլեւ հարկային կտրոններ, որոնց վրա հնարավոր կլինի էլեկտրոնային ստորագրություն դնել, ինչպես նաեւ վճարումներ կատարել բանկային քարտերով:  Բացի դրանից,  նոր սերնդի կտրոնների վրա գրանցվում է ոչ միայն գնման կամ գործարքի գումարը, այլեւ ապրանքի անվանումը եւ ծառայությունները: