Երեւանում հունիսի 27-ին ներկայացվել են պետգնումների համակարգի դիտարկման արդյունքները: 2011 թվականից մինչեւ 2013-ի առաջին եռամսյակը դիտարկումն անցկացրել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնը՝ «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ:

Դիտարկման նպատակն էր՝ ուսումնասիրել պետգնումների համակարգը, բացահայտել գոյություն ունեցող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Դիտարկման հիմնական ուղղություններն են եղել.

• բողոքարկման ինստիտուտը;

• մեկ անձից գնումները;

• էլեկտրոնային գնումները;

• շրջանակային համաձայնագրերը;

• Պետգնումների կենտրոնի գործունեությունը;

• գնումների պաշտոնական կայքի տեղեկատվության լիարժեքությունն ու թափանցիկությունը:

Դիտարկման արդյունքները ներառվել են «Հայաստանի պետգնումների համակարգի մոնիթորինգը 2011-2013թ.թ.» հրատարակությունում: Ծրագիրն իրականացվել է «Transparency International հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Վարուժան Օկտանյանի ղեկավարությամբ, որպես փորձագետ ծրագրում ընդգրկվել է տնտեսագիտության թեկնածու Արտակ Մանուկյանը:

Շնորհանդեսի ժամանակ Վարուժան Օկտանյանը հիշեցրել է, որ 2011 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտավ պետգնումների մասին ներկայում գործող օրենքը, որը որոշակի նորամուծություններ էր նախատեսում: «Առաջին հերթին, այս օրենքով պետգնումների համակարգն ամբողջությամբ ապակենտրոնացավ. պետգնումների կազմակերպմամբ զբաղվում են պետական մարմինները: Մենք կարծում էինք, որ ապակենտրոնացումը կբերի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Սակայն այդ այնքան էլ ակնհայտ չէ: Փաստորեն, ոչ մի փոփոխություն չի եղել, եւ լուրջ խնդիրներն այդպես էլ շարունակում են գոյություն ունենալ»,- նշեց «Transparency International»-ի տնօրենը:

Նա, միաժամանակ, հավելեց, որ ավելի հիմնավոր կերպով ներդրվել է էլեկտրոնային գնումների հայեցակարգը:  «Եվ, վերջապես, գոնե օրենքով ապահովվել է բողոքարկման համակարգի անկախությունը. ստեղծվել է բողոքարկման Խորհուրդ, որը պետք է անկախ լինի»,- ընդգծեց Վարուժան Օկտանյանը՝ պարզաբանելով, որ դիտարկման նպատակն էր՝ պարզել, թե որքանով են օրենքի նորամուծություններն ազդել կոռուպցիոն ռիսկերի վրա, որքանով է արդյունավետ դարձել Հայաստանում պետգնումների համակարգը: