Պետք է համախմբել ուժերը՝ սեպտեմբերի 3-ի որոշման հետեւանքներից զերծ մնալու համար: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խումբը:

Հայտարարությունում ասվում է.

«Այս տարվա մայիսի 19-ին «Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խումբը դիմել էր մի շարք քաղաքական կուսակցությունների եւ բոլոր այն քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին եւ անհատներին, որոնք համարում են, որ Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության մակարդակի բարձրացման, պետության հեռանկարային համակողմանի զարգացման համար անհրաժեշտ է սերտացնել հարաբերությունը Եվրամիության հետ եւ վերականգնել Ասոցացման ու Ազատ առեւտրի մասին համաձայնագրի օրակարգը: Նախաձեռնությունը կոչ էր արել մեկտեղել ջանքերը՝ «Եվրոպական ընտրություն» դաշինքի հիմնադրման համար, որը որպես ազատ հարթակ կհամակարգի հանուն Հայաստանի եվրոպական ապագայի հանդես եկող քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության գործողությունները:

Կոչին արձագանքել են տասնյակ հասարակական կազմակերպություններ, ՀՀ քաղաքացիներ՝ ստորագրելով մայիսի 22-ի աշխատանքային հանդիպմանը տարածված հայտարարությունը:

Հայտարարությունը տարածելիս նախաձեռնող խմբի անդամները կարծում էին եւ այժմ էլ համոզված են, որ պետք է համախմբել ուժերը՝ Սեպտեմբերի 3-ին ՀՀ ղեկավարության հռչակած վտանգավոր եւ անհեռանկար ճանապարհից երկիրը զերծ պահելու համար: Եվ եթե քաղաքացիական հասարակության մակարդակով նման համախմբում որոշ չափով կատարվում է, ապա քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են եվրոպական ինտեգրմանն իրենց հակվածությունը եւ անընդունելի են համարում երկրի միացումը Եվրասիական տնտեսական միությանը, կիսում են Նախաձեռնության գերակայությունները եւ պատրաստակամություն են հայտնել «Եվրոպական ընտրության» հետ համագործակցելու, բայց ոչ՝ մասնակցելու ուժերի համախմբման նպատակով միացյալ հարթակի ձեւավորմանը:

Մենք գնահատում ենք նրանց աջակցությունը եւ մեր հերթին հետաքրքրված ենք երկխոսությամբ: Միաժամանակ, ընդգծելով նախաձեռնության կարեւորությունը՝ մենք բաց ենք մնում քաղաքական ուժերի մասնակցության համար, երբ վերջիններս պատրաստ կլինեն միանալ:

«Եվրոպական ընտրություն» նախաձեռնությունը շարունակելու է իր գործունեությունը՝ համաձայն իր նախնական հայտարարությունում հռչակված սկզբունքների:

Նախաձեռնող խումբ՝

Գայանե Առուստամյան, լրագրող, հրապարակախոս

Հակոբ Բադալյան, լրագրող

Լեւոն Բարսեղյան. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Աղասի Ենոքյան, քաղաքագետ

Զարուհի Հովհաննիսյան, հրապարակախոս

Նազենի Ղարիբյան, արվեստաբան, հրապարակախոս

Վահրամ Մարտիրսյան, գրող

Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբի նախագահ

Աննա Շահնազարյան, քաղաքացիական ակտիվիստ

Արթուր Սաքունց, Վանաձորի հելսինկյան ասամբլեայի նախագաh