Թեեւ Հայաստանի եւ Չիլիի միջեւ աշխարհագրական մեծ տարածություն է ընկած, սակայն մեր ժողովուրդների փոխադարձ վստահությունը, համակրանքն ու հարգանքը դրանից չի պակասում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Չիլիում իր պատվին տրված պաշտոնական ճաշին:

«Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Չիլիի Հանրապետությունում: Մեր բարեկամ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, սա ՀՀ նախագահի առաջին այցելությունն Չիլի:

Կցանկանայի կրկին սրտանց շնորհակալություն հայտնել նախագահ Բաչելետին հրավերի եւ այն ջերմ հյուրընկալության համար, որ ցուցաբերվում է ինձ եւ հայկական պատվիրակությանը: Շատ շնորհակալ եմ: Անշուշտ, մեզ համար մեծ պատիվ կլինի, տիկին Նախագահ, Հայաստանում հյուրընկալել Ձեզ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, թեեւ Հայաստանի եւ Չիլիի միջեւ աշխարհագրական մեծ տարածություն է ընկած, սակայն մեր ժողովուրդների փոխադարձ վստահությունը, համակրանքն ու հարգանքը դրանից չի պակասում: «Եվ ես լիահույս եմ, որ այսուհետ մեր միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում կապրեն հենց այս հիմքի վրա: Մեծապես խորհրդանշական է, որ չիլիական Պուերտո Վիլյամս բնակավայրում կա «Հայաստան» անվանումը կրող հրապարակ եւ զետեղված է Հայաստանից բերված հուշակոթող:

Հիրավի, չենք կարող բավարարվել փոխգործակցության այն ծավալով, որն ունենք այսօր. առկա ներուժն ու հնարավորություններն անհամեմատ շատ են: Մենք Չիլի ենք ժամանել այն համոզումով, որ եկել է մեր հարաբերությունները նոր բովանդա¬կությամբ լցնելու ժամանակը: Հաշվի առնելով Չիլիի զգալի հաջողություններն ու ձեռքբերումները տնտեսական ոլորտում, մասնավորապես օտարերկրյա ներդրում¬ների, կապիտալի ներհոսքի, գործազրկության մակարդակի նվազեցման գործում՝ Ձեր երկրի հարուստ փորձն ուսանելի եւ օգտակար կարող է լինել մեզ համար:

Հայաստանի եւ Չիլիի միջեւ համագործակցության բազմաթիվ հեռանկարային ոլորտներ կան՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաներ, սեյսմիկ պաշտպանություն, առողջապահություն եւ այլն: Վկայակոչելով Հայաստանում արգենտինյան ներդրումային ծրագրերի հաջողությունը, կուզենայի հավաստիացնել, որ աշխարհագրական հեռավորությունն ամենեւին էլ խոչընդոտ չէ. մեզ մոտ՝ Հայաստանում, արտասահմանյան ներդրումների, ակտիվ գործարարությամբ զբաղվելու համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու բարենպաստ պայմանները: Մեկ ամիս առաջ Երեւանում տեղի ունեցավ հայ-չիլիական առաջին բիզնես-սեմինարը, որի նպատակն էր ներկայացնել Չիլին լատինաամերիկյան տարածաշրջանով հետաքրքրված հայ գործարարներին: Եվ համոզված եմ, որ հաջողված համատեղ ծրագրերն իրենց երկար սպասել չեն տա»,- նշել է Սարգսյանը:

Նա նաեւ վստահությամբ նշել է, թե 21րդ դարում աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չէ նաեւ զբոսաշրջության զարգացման համար: «Մենք հպարտանում ենք, որ չիլիացի մեծ մտածող եւ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաբլո Ներուդան, այցելելով Խորհրդային Հայաստան, գրել է. «Հայերն ամենաբարձր մակարդակի են հասցրել իրենց ազգային մշակույթը հին աշխարհում: Երեւանը հրաբխային տուֆից վեր խոյացող, վարդագույն վարդի նման ներդաշնակ, աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է»: Վստահ եմ, որ չիլիացի զբոսաշրջիկները շատ հետաքրքրություններ կգտնեն Հայաստանում, իսկ հայերը՝ Չիլիում:

Հայ-չիլիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում իր համեստ, բայց միեւնույն ժամանակ ուրույն դերակատարումն ունի փոքրաթիվ հայ համայնքը, որի ներկայացուցիչները` հիմնականում արդյունաբերության եւ առեւտրի բնագավառներում ներգրավված հայերը, որոշակի ներդրում ունեն այս հիասքանչ երկրի տնտեսության զարգացման մեջ: Անհերքելի փաստ է, որ Չիլիի իշխանություն-նե¬րի ու ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ է, որ հայերը կարողացել են ինտեգրվել երկրի հասարակական-քաղաքական կյանքին՝ դառնալով Չիլիի օրինապաշտ եւ հարգված քաղաքացիներ :

Մեզ համար մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ մեր երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները համամարդկային նշանակության հարցերի շուրջ համահունչ են: Դրա վառ ապացույցն էր 2007թ. Չիլիի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Այս քայլով Չիլին՝ որպես անկեղծ եւ հուսալի բարեկամ, ոչ միայն շահեց համայն հայության անմնացորդ համակրանքն ու հարգանքը, այլեւ եւս մեկ անգամ հավաստեց իր նվիրվածությունը այն արժեքներին, որ պատկանում են համայն առաջադեմ մարդկությանը: Այցիս նպատակներից մեկն էլ, տիկին Նախագահ, կայանում է նաեւ նրանում, որպեսզի մեր ժողովրդի անունից խորին երախտագիտություն հայտնեմ Ձեզ, ձեր ժողովրդին, ձեր իշխանություններին այս փաստն ընդունելու համար:

Ավարտելով խոսքս՝ բաժակ եմ բարձրացնում ի պատիվ Չիլիի նախագահ, մեծարգո՛ տիկին Բաշելեի, որ շատ բաներում առաջինն էր: Ես տեւական ժամանակ աշխատել եմ Պաշտպանության նախարար եւ մեկ-երկու կին պաշտպանության նախարարների եմ հանդիպել եւ նախագահների շրջանում էլ այդքան շատ չեն կանայք: Եվ Ձեզ հաջողություն եմ մաղթում ի փառս Չիլիի եւ նրա աշխատասեր ու հոյակապ ժողովրդի: Հայ-չիլիական բարեկամության կենացը»,- ասելէ  ՀՀ նախագահը: