Հուլիսի 13-ին Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածում ցամաքային գործողություն են սկսել: Իսրայելական հատուկ նշանակության ջոկատը մտել է Գազայի տարածք: Տեղական ռադիոյի տեղեկացմամբ, պաղեստինցիների հետ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում իսրայելցի չորս զինվոր թեթեւ վիրավորվել է: Այս մասին գրում է Росбалт-ը՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:
Ավելի վաղ իսրայելական «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգը Թել Ավիվի վրայով թռչող երեք հրթիռ էր բռնել, որն արձակվել էր Պաղեստինի կողմից: Իսրայելցիները հաջող հատուկ գործողություն էին իրականացրել՝ զինյալների հրթիռային համակարգերը ոչնչացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերի ուղղությամբ իսրայելական զինուժի հարվածների արդյունքում ավելի քան 150 մարդ է զոհվել: Հուլիսի 8-ից սկսված գործողության ընթացքում իսրայելցիները ավելի քան 1.100 թիրախի վրա են հարձակվել:































