Մեծ Բրիտանիայի կառավարությունը 1,1 մլրդ ֆունտ ստեռլինգ (մոտ 1,9 մլրդ դոլար) կտրամադրի ռազմական ծրագրերի զարգացման վրա:

Երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը The Daily Telegraph-ում հրապարակված իր հոդվածում գրել է, որ նա պաշտոնապես կհայտարարի այդ  մասին «Ֆարնբորո-2014» միջազգային ավիասրահի բացման արարողությանը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«30 տարվա ընթացքում այն սպառնալիքները, որոնց հետ մենք բախվում ենք այսօր, ամբողջությամբ փոխվել են, սառը պատերազմի պարզությունից մինչեւ մերօրյա բարդ եւ հարափոփոխ մարտահրավերներ՝ գլոբալ ահաբեկչություն, կազմակերպված հանցավորություն, գերեվարում, ատոմային զնեքի տարածման, կիբեռ հարձակումների եւ էներգետիկ անվտանգության ռիսկեր», - նշել է Քեմերոնը: Նա հավելել է, որ միջոցների մեծ մասը՝ 800 մլն ֆունտ ստեռլինգ, (մոտ 1,4 մլրդ դոլար) կծախսվի հետախուզական տեխնոլոգիաների տարբեր տեսակների կատարելագործման ուղղությամբ:

Վարչապետը ազգային անհրաժեշտություն է համարել «ժամանակակից, տեխնոլոգիական, զարգացած եւ ճկուն զինված ուժերի» առկայությունը՝ ընդգծելով, որ պաշտպանական կարիքների ֆինանսավորման նոր ծրագրերը ոչ միայն կօգնեն բանակին «լավագույն վերազինում» ապահովել, այլ նաեւ թույլ կտան առաջ քաշել Մեծ Բրիտանիայի շահերը «ամբողջ աշխարհում»: