Հուլիսի 12-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում, բանակի հրամանատարի տեղակալների, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի, միավորումների ու զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զինկոմիսարիատների եւ ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2014թ. առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բանակի հրամանատարի ներածական խոսքից հետո, որում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ընթացիկ եւ հավանական զարգացումներին ու այդ համատեքստում մեր հետագա անելիքներին, մեկնարկել են ռազմական խորհրդի բուն աշխատանքները: Այնուհետեւ, ըստ ուղղությունների, համապարփակ զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, որոնք ոչ միայն խոսել են իրենց պատասխանատվության տակ գտնվող ուղղություններում արձանագրված դրական տեղաշարժերի մասին, այլեւ նշել են ի հայտ եկած թերացումները եւ դրանք շտկելու գործառույթները:
Վերջում, ամփոփելով ռազմական խորհրդի եւ կիսամյակի արդյունքները, պաշտպանության նախարարը դրանք համարել է գոհացուցիչ եւ հայտնաբերված թերացումներն ու բացթողումները շտկելու համար տվել համապատասխան ցուցումներ ու հրահանգներ:





























