«Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 000 դրամի գողության համար 5 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված՝ HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պատրաստվում է կրկին դիմել Վերաքննիչ դատարան` բողոքարկելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. հունիս 16-ի որոշումը: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը՝ պնդելով, որ Աշոտ Առուշանյանը իրականում կապ չունի հափշտակության հետ։
Լիպարիտ Սիմոնյանի բողոքի հիմքում լինելու է գործով որպես կասկածյալ ներգրավված, ապա Աշոտ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո կալանքից ազատված, եւ մի քանի օր անց հոր հետ կախված հայտնաբերված Արտաշես Գալուստյանի այն հայտարարության վրա, ըստ որի, քննիչն իրեն սպառնացել է՝ ասելով, որ միայն Աշոտ Առուշանյանի դեմ ցուցմունք տալու դեպքում իրեն ազատ կարձակեն։
«Բողոքի հիմնական մասը վերաբերելու է Աշոտ Առուշանյանի նկատմամբ դատավոր Մեսրոպ Մակյանի ակնհայտ անհիմն դատավճռին։ Բազմակողմանի ներկայացնելու եմ Արտաշես Գալուստյանի տված ցուցմունքի անարժանահավատությունը` հիմնվելով վարույթն իրականացնող մարմնի եւ Արտաշես Գալստյանի միջեւ պայմանավորվածության վրա։ Եվ, վերջապես, վարույթն իրականացնող մարմնի թույլ տված ցանկացած տիպի սխալի հետ կապված` սկսած ապօրինի բերման ենթարկելու, ֆիքսող տեսախցիկների տեսագրության մոնտաժման եւ մի շարք այլ հանգամանքներ հետ կապված»,- ասաց փաստաբանը։
Լիպարիտ Սիմոնյանը կատարվածի իր վարկածը ներկայացրեց, ըստ որի, հնարավոր է՝ «Մանանա Գրեյնը» շահագրգռված է եղել Աշոտ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու, քանի որ նա բանկի աշխատող էր, եւ այդ դեպքում հնարավոր կլիներ հասնել նրան, որ բանկը փոխհատուցեր հափշտակված գումարը։ Այդ նպատակով էլ, ըստ փաստաբանի, Արտաշես Գալուստյանին ստիպել են վկայություն տալ, թե իր ներկայությամբ բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանը Էդգար Կարաքեշիշյանին է փոխանցել բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն՝ «Մանանա գրեյնից» բանկ առանձնապես խոշոր չափերի գումարի տեղափոխման վերաբերյալ։
«Չնայած, որ Աշոտ Առուշանյանը եղել է այդ բանկի աշխատակիցը, եւ զբաղվելով բռնցքամարտով ճանաչել է նաեւ Արտաշես Գալստյանին, նա ոչ մի տեսակի թուղթ, որի մեջ եղել են գումարը բանկ բերելու հետ կապված տվյալներ, չի փոխանցել հափշտակության մասնակիցներին»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Փաստաբանի խոսքով՝ Արտաշես Գալստյանից Աշոտ Առուշանյանի դեմ վկայություն չտալու դեմ սպառնացել են «ռետինե մահակով բռնաբարել եւ լուսանկարն ուղարկել բանտախուց, որտեղ նա տեղափոխվելու էր»։
Նշենք, որ սա նույն գործով երկրորդ Վերաքննիչ բողոքն է լինելու։ Առաջին բողոքի հիման վրա Վերաքննիչը բեկանել էր առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռն ու վերադարձրել նույն դատարան՝ նոր քննության: Երկրորդ անգամ դատարանը նույնպես մեղադրական դատավճիռ էր կայացրել։
Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս ազատազրկման, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նա օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին ` վերջիններիս տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանինկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում։





























