Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են «Իսլամական պետություն» (նախկինում՝ «Իրաքի եւ Շամի (Լեւանտի) պետություն») խմբավորման զինյալների կողմից զավթած Թիքրիթ քաղաք (Բաղդադից 140 կմ հյուսիս-արեւմուտք): Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:
Իրաքյան ուժայինները ավելի քան 2 շաբաթ փորձում են վերցնել քաղաքը, որը հունիսի 12-ից գտնվում է ծայրահեղականների վերահսկողության տակ: Բանակը հարձակումը սկսել է հարավից, Տիկրիտից 8 կմ հեռավորության վրա՝ Սադամ Հուսեյնի հայրենի Էլ-Աուջայ գյուղից:
Թե որ շրջաններն են անցել զինվորների վերահսկողության տակ, եւ որոնք են ծայրահեղականների ձեռքերում, տեղեկություններ դեռ չկան: Ունեցած տեղեկատվության համաձայն, կառավարական զորքերը վաղ առավոտյան զբաղեցրել են քաղաքային հիվանդանոցի, ոստիկանական ակադեմիայի եւ մշակութային կենտրոնի տարածքը, ծանր մարտեր են ընթանում: Բանակային ավիացիան աջակցություն է ցուցաբերում ուժայիններին, օդից հարվածներ հասցնելով ծայրահեղականների դիրքերին:





























