Չինաստանը հայտարարել է, որ Չինաստանի ազգային նավթագազային ձեռնարկության (CNPC) հորատող պլատֆորմը ավարտել է Հարավկորեական ծովում նավթի եւ գազի պաշարներ որոնելու աշխատանքը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ «Հայյան շիու-981» պլատֆորմի հայտնվելը Սիշա կղզիախմբում դիվանագիտական վեճ էր հրահրել ՉԺՀ-ի եւ Վիետնամի միջեւ, որը հանգեցրել էր ծովում մի շարք բախումների: Վիետնամում Պեկինի գործողությունները հակաչինական բողոքների ալիք էին բարձրացրել:
Վիետնամն այն շրջանը, որտեղ Չինաստանը հորատման պլատֆորմ էր տեղակայել, բացառապես իր տնտեսական գոտին է համարում, Պեկինն էլ պնդում է, որ դրանք Չինաստանի տարածքային ջրերն են:
Հորատման պլատֆորմը վիճելի տարածքում գտնվել է մայիսի 2-ից հուլիսի 15-ը: CNPC-ն հայտնել է, որ հորատման ընթացքում «հայտնաբերվել են նավթի եւ գազի պաշարներ»:
Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ նավթագազային ընկերությունը հորատման ստացված տվյալների վերլուծությունից եւ գնահատականից հետո «կորոշի հետագա քայլերը»:





























