Մոսկվայում հուլիսի 15-ին տեղի ունեցած մետրոյի վթարի հետեւանքով տուժած հայազգի 20-ամյա Մերի Քոչարյանին այս պահին վիրահատում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը:
«Մերի Քոչարյանին հենց հիմա վիրահատում են, չնայած բժիշկները շարունակում են նրա վիճակը գնահատել ծայրահեղ ծանր: Քաղաքացիության մասին էլ լուր չկա, քանի որ բարեկամներից դեռ ոչ մեկը հիվանդանոց չի եկել: Սակայն սա նշանակություն չունի, բժիշկներն անում են ամեն հնարավորը»,- ասաց նա:
Նշենք, որ Մերի Քոչարյանն ունի ողնաշարի կոտրվածք եւ գլխուղեղի փակ վնասվածք: Բացի Մերիից՝ վթարի հետեւանքով տուժել է եւս մեկ հայուհի՝ 23-ամյաԱննա Բուլղադարյանը, որն ունի աջ ճաճանչոսկրի կոտրվածք եւ տրավմատիկ ցնցում:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 20 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են: Մահացածների թվում են նաեւ վթարի ենթարկված գնացքի մեքենավարը:
Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել «Տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտում» հոդվածով:





























