Թուրքական մամուլում հետաքրքիր հրապարակում է հայտնվել, ըստ որի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հայաստանի սահմանը բացելու մասին պնդումների նպատակը Ադրբեջանին շանտաժի ենթարկելն է։

Թուրքական Rotahaber կայքի փոխանցմամբ՝  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում է գործադրում Ֆեթուլլահ Գյուլենի դպրոցները (Թուրքական դպրոցներ) փակելու համար։ Էրդողանն իր նպատակին հասնելու համար Ադրբեջանին շանտաժի է ենթարկում՝ սպառնալով բացել Հայաստանի հետ սահմանը։

Rotahaber-ը պնդում է, որ օրեր առաջ Taraf պարբերականում հայտնված տեղեկությունը, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է առաջիկա սեպտեմբերին բացել հայ-թուրքական սահմանը, դրա վառ վկայությունն է։

Նշվում է նաեւ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամիսներով հրաժարվում է շփվել Էրդողանի հետ, իսկ վերջինս փորձում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար օգտագործել «հայկական խաղաքարտը»։

«Հարկ եղած դեպքում, երբ Էրդողանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորի, նա կհրաժարվի Ադրբեջանում Գյուլենի դպրոցների փակման դիմաց տված խոստումներից եւ կկարգավորի Հայաստանի հետ հարաբերությունը։ Իսկ Ադրբեջանցիները ճանապահի կեսին կմնան»,-գրել է Rotahaber կայքը։