Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարող են հանգիտ լինել. բանակը կատարում է իր առջեւ դրված առաջադրանքները: Այդ մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Կառավարության նիստին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արեւմտյան շրջաններում դիվերսիոն խմբերի ներթափանցումը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանից ներթափանցած դիվերսանտների հայտնաբերման աշխատանքների ժամանակ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ, հաջողվել է գտնել նրանցից մեկին, իսկ հետո նաեւ մյուսներին: «Համատեղ աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք գտնել տվյալ տարածքում գտնվող բոլոր անձանց», - ասել է նախարարը: Նա նշել է, որ տեղական բնակչության շրջանում անհանգստությունը մեծացել է, երբ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան շրջանի Նոր Էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի մահվան մեջ մեղավոր է դիվերսանտներից մեկը: «Բնակչության շրջանում վստահություն հաղորդելու աշխատանքներ են տարվում, որ բանակը կատարում է իր բոլոր առաջադրանքները», - եզրափակել է Սեյրան Օհանյանը: