Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վանք գյուղում շարունակվում է ռազմական ակադեմիայի կառուցումը, թեեւ հիմնական հովանավոր Լեւոն Հայրապետյանը կալանավորված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Վերջին խոշոր ծրագիրը, որ Լեւոն Հայրապետյանն իրականացնում է իր հայրենի Արցախում, Վանք գյուղում կառուցվող ռազմական ուսումնարանն է՝ Սուվորովի եւ Մադաթովի անվան, որտեղ երեխաները պետք է ռազմական ուսում ստանան: Այս պահին էլ շինարարությունն ընթանում է: Թե հետագայում ինչ կլինի, չեմ կարող ասել: Չնայած ի սկզբանե ասում էին, որ այս տարի բացումն են անելու, բայց դժվար թե հասցնեն, մեծ շենք է կառուցվում»,- ասաց նա:
Անդրադառնալով ծնունդով արցախցի բարերարի կալանավորման փաստին եւ հնչող մեղադրանքներին՝ Դավիթ Բաբայանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ՝ հորդորելով սպասել պաշտոնական մեղադրանքին. «Սպասենք, տեսնենք, թե պաշտոնապես ինչպիսի մեղադրանք է առաջադրվում, որպեսզի ավելի ճիշտ պատկերացնենք իրավիճակը եւ ըստ այդմ էլ փորձենք կանխատեսումներ անել: Կոնկրետ փաստ չկա, մեղադրանք չկա, եկեք չշահարկենք, առանց այն էլ այդ մարդը լավ վիճակում չէ»:
NEWS.am-ի հարցին՝ արդյոք Լեւոն Հայրապետյանը կապ ուներ ԼՂՀ ղեկավարոթյան հետ՝ նախագահի մամուլի պատասխանատուն ընդգծեց. «Վերջերս այնքան հաճախակի Արցախ չէր գալիս, քանի որ առողջական խնդիրներ ուներ: Բայց նախագահականի հետ հանդիպումներ լինում էին, համատեղ ծրագրեր: Իսկ թե վերջին անգամ երբ էր եկել, չեմ կարող ասել»:
Նշենք, որ Լեւոն Հայրապետյանի եղբայրը պնդում է, որ այս ամենը քաղաքական հաշվեհարդար է:
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արցախցի գործարար Լեւոն Հայրապետյանին։ Հայ գործարարին ձերբակալելու գործողությունը տեղի է ունեցել քրեական հեղինակություն Սերգեյ Ֆինագինի ղեկավարած հանցավոր խմբավորման գործի քննության շրջանակում։
Հայրապետյանի՝ խմբավորման հետ ունեցած հնարավոր կապի մասին քննիչներին տեղեկացրել է ՌԴ նախկին սենատոր Իգոր Իզմեստեւը, որն այժմ ցմահ ազատազրկման է դատապարտված։ Հուլիսի 17-ին Հայրապետյանը կալանավորվեց երկու ամսով:




























