Անհետ կորած Արայիկ Պողոսյանի եղբայրը խուսափում է խոսել այդ թեմայով: Ժպտում է, հարգալից կերպով, բայց կտրականապես խնդրում է այդ մասին զրուցել կնոջ հետ:
Ժպտերես Ռիտա Մաղաքյանը պատմում է այն, ինչն իրեն հայտնի է 19-ամյա Արայիկի անհետացման մասին:
Երիտասարդն անհետ կորել է 1994թ.-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող մարտական գործողությունների հետեւանքով: Մի քանի տարի առաջ Խաչիկ գյուղի բնակիչներից մեկից տեղեկություն ստացվեց այն մասին, որ Արայիկ Պողոսյանին 2007թ.-ի հունիսին տեսել են գերության մեջ: Տղամարդու խոսքով՝ նա ողջ է, բայց ոտքից վիրավոր է: Սակայն այնուհետ տղամարդը հրաժարվեց իր խոսքերից:
Նշենք, որ Հայաստանում ղարաբաղյան կոնֆլիկտի ընթացքում անհետ կորած է համարվում 200 մարդ:





























