Երեւանի քաղաքապետարանը պարտադրում է կառուցապատող ընկերություններին գնել «Ավելի բարեկարգ Երեւան» գրությամբ պաստառ, որն արժե 50-80 հազար դրամ: NEWS.am-ի հետ զրույցում Սիլիկյան թաղամասում շինարարություն իրականացնող Էդգար Շարխյանը հայտնեց, որ իրեն ստիպել են 15-20 քառակուսի մետրանոց պաստառ գնել, որի 1 քառակուսին արժե 4000 դրամ:

«Սա քաղաքապետարան չէ, այլ քաղաքատպարան: Ստիպում են, որ հենց իրենց «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառը ձեռք բերեմ, եթե չէ, գալիս են ու տուգանում: Մի անգամ, ասենք, առնում ես, հետո քամին քշում, տանում է, ստիպված ես նորը գնել, իսկ էդ 80 հազար դրամով կարող ես շինանյութ ձեռք բերել, ոչ թե պլակատ»,- ասաց Էդգարը:

Էդգարը մի քանի անգամ դիմել է քաղաքապետարան, որտեղից ոչ մի հստակ պատասխան չի ստացել. «Ես տուն եմ կառուցում Սիլիկյան թաղամասում, հեռու կենտրոնից, ճանապարհից, բայց միեւնույնն է՝ պահանջում են, որ տեղադրեմ էդ պաստառը: Իսկ երբ քաղաքապետարանին հարցնում եմ, թե ինչու պետք է տեղադրեմ, ոչինչ չեն ասում, ոչ մի փաստաթուղթ չեն ներկայացնում»:

NEWS.am-ի հետ զրույցում, սակայն, Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նշեց, որ ապատեղեկատվություն է. «Երեւանի ավագանին որոշել է, որ շինարարությունն իրականացնողը պարտավոր է շինհրապարակը սահմանազատել ճանապարհից: Թե ինչպես դա կանեն, յուրաքանչյուրի ցանկությունն է: Մենք չենք պարտադրում, որ «Ավելի բարեկարգ Երեւան»-ի պաստառը փակցնեն, մենք ընդամենը առաջարկում ենք տարբեր ձեւեր եւ կառուցապատողն է ընտրում: Որեւէ մեկը որեւէ մեկին ոչինչ չի վաճառում: Նման անպատասխանատու հայտարարությունները համարում եմ ապատեղեկատվություն, մենք առեւտրային կազմակերպություն չենք: Եթե շրջեք Երեւանի փողոցներով, կտեսնեք այլ պաստառներ եւս. կենտրոնում գտնվող Շահումյան հրապարակի կողքին կառուցվող բանկն ունի այլ պաստառ, նույնը վերաբերվում է «ՎՏԲ Հայաստան» բանկին»: