Ոստիկաններ Ազիզ Միրզոյանը, Ռազմիկ Խալաֆյանը նախաքննական մարմնի կողմից Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների գործով տուժող են ճանաչվել, քանի որ նրանց աչքերը արցունքակալել են եւ մրմռացել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին իրենց ցուցմունքում ասացին գործով տուժող ոստիկանները։

«Այդ օրը ծառայություն եմ անցկացրել այդ հատվածում։ Հետեւի մասում եմ եղել շենքի, հասել եմ էդ վայր, կոչեր եմ լսել՝ փողոց դուրս չգաք, փողոցն ազատեք, հետո այդ պահին պայթյուններ եմ լսել, մուխ է եղել։ Էդ մուխը լցվել ա աչքերս, մի պահ արցունք է լցվել, մինչեւ մաքրել եմ, տեսել եմ քաշքշոց, լսել եմ, որ ասում են՝ միլիցա խփեք»,- հարցաքննության ժամանակ ասաց ոստիկան Միրզոյանը։

Ամբաստանյալներ Ավետիս Ավետիսյանի եւ Սեւակ Մնացականյանի փաստաբան Կարեն Քալանթարյանի հարցին, թե ինչ զգացողություններ է ունեցել աչքերը մրմռալու ժամանակ, գործով տուժող, ոստիկան Ռազմիկ Խալաֆյանն ասաց. «Աչքերս չէի կարողանում մի քանի վայրկյան բացեի, մրմուռ եմ զգացել»,- ինչից հետո ամբաստանյալները եւ դահլիճում ներկաները ծիծաղեցին։

Ոստիկան Ռազմիկ Խալաֆյանն ասաց, որ դեպքի օրը Մաշտոցի պողոտայում քաղաքացիական հագուստով ոստիկանների չի տեսել. «Չեմ տեսել, բայց կարծում եմ, որ հնարավոր չէ քաղաքացիական հագուստով ոստիկաններ լինեին»։ Նշենք, որ նախորդ դատական նիստին ցուցմունք տվող ոստիկաններն ասել էին, որ դեպքի օրը տեսել են քաղաքացիական հագուստով ոստիկանի։

Ոստիկանը Խալաֆյանը տեսել էր, որ երթի մասնակիցները փայտով հարվածել են ոստիկաններին եւ լսել էր՝ ինչպես են ասել՝ ոստիկան է, խփեք, բայց դեմքերը չէր հիշում, քանի որ «նրանք ծխով էին պարուրված եւ խառնաշփոթ էր»։

Փաստաբանների ճշտող հարցերին ոստիկանը չէր պատասխանում եւ ասում էր, որ այդ մասին արդեն գրել է նախաքննական ցուցմունքում։

Ամբաստանյալների հարազատներից մեկը դրան ի պատասխան դահլիճից նկատեց. «Ցուցմունքի թուղթը կորցրել է, մոռացել է գիշերը անգիր անել»։

Ոստիկան Խալաֆյանն իր ցուցմունքում նշեց, որ երբ հնչել  է առաջին պայթյունը, նա եղել է մոտ 25 մետր հեռավորության վրա, բայց լսել է՝ ինչպես են ոստիկանները երթի մասնակիցներին հորդորել փողոց դուրս չգալ։ Ամբաստանյալ Վարդան Վարդանյանի հարցին, թե ինչպես է ոստիկանը լսել դա, երբ այդ հատվածում նկարող տեսախցիկի տեսագրությունում այդ հորդորները չեն լսվում, ոստիկանը պատասխանեց. «Դա կամերայի խնդիրն է»։

Նշենք, որ այսօր գործով ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանի տարեդարձն է, նա դառնում է 26 տարեկան:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը: