Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանը տեղափոխվելու է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաչատրյանի եղբայրը՝ Վարդան Խաչատրյանը:
«Դավիթն այս քանի օրը ցավեր ուներ, ինչ-որ թարախային մաս կար մեջքի վրա: Մի շաբաթ իրեն լավ չի զգացել, սրսկում էին, նոր էր քնում, հետո որ բժիշկը գնաց, նշանակումներ արեց, կարողանում է հիմա նորմալ քնել»,- ասաց նա:
Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն էլ նշեց, որ Դավիթի մոտ ողնաշարի կիստա են ախտորոշել եւ Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելուց հետո, ամենայն հավանականությամբ, կվիրահատեն:
Նշենք, որ Դավիթ Խաչատրյանը դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, որից 13-ը Լյուքս Ստեփանյանի սպանության համար է, 4-ն էլ՝ նրա մյուս ծառայակից Հրաչյա Սարգսյանին հասցրած հրազենային ծանր վնասվածքի համար։ Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում:





























