Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ Գազայի հատվածում ռազմական գործողությունների համար եւ խնդրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին «դուրս վռնդել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ներսի դեւին»: Այդ մասին հաղորդում է  globovision.com-ը:

Օրտեգայի կարծիքով, Պաղեստինը վարչապետ Նեթանյահուի «խելագարության զոհն է», որի նպատակը «պաղեստինյան ժողովրդի ոչնչացումն է»: «Վարչապետ Նեթանյահուի ներսում հրեշ է նստել: Անհրաժեշտ է, որ Հռոմի պապը վռնդի դեւին, որպեսզի վերջինս հանգստանա», - նշել է Նիկարագուայի ղեկավարարը: Նա Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները համեմատել է նացիստների հանցագործությունների հետ:

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունը խլել է 1,4 հազար պաղեստինցիների եւ 60 իսրայելցիների կյանքեր: