Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության օպերատիվ ոստիկաններին քաղաքացիական հագուստով Մաշտոցի պողոտա գալու հրահանգ է տվել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց գործով տուժող ճանաչված Վալերի Օսիպյանը:
«Նոյեմբերի 5-ին Շանթի հետ առանձնացանք, ես փորձեցի տեղեկանալ իր հետագա անելիքների մասին, նա հստակ պատասխան չէր տալիս: Ես ասացի, որ իրենց գործողություններն անօրինական են, եւ պետք է դիմեր քաղաքապետարան, տեղեկացներ երթի մասին: Շանթն իրենն էր պնդում, տեսնում էի՝ ինչ-որ մի բանի էին պատրաստվում, առանձնանում, խոսում էին, ինչ-որ բանի էին սպասում: Այդ ամենը ինձ անհանգստացրեց, ես հավելյալ ուժեր պահանջեցի որոնք տեղակայվեցին Բայրոնի փողոցի վրա: Ես զգացի, որ ագրեսիվ մթնոլորտ էր, հրահանգեցի գալ նաեւ օպերատիվ աշխատակիցներին, որ կատարեն իրենց բնորոշ գործողությունները»,- պատմեց Վալերի Օսիպյանը:
Հարցաքննության ժամանակ փոխոստիկանապետն ասաց, որ ոտիկանության օպերատիվ աշխատակիցներին հրահանգել է տարածության վրա պահել եւ հետեւել երթի մասնակիցներին. «Հրահանգավորել եմ նաեւ, որ իրենց կողմից միջամտություն լինելու դեպքում պետք է ներկայանան»:
Օպերատիվ աշխատակիցներին կանչելուց հետո Վալերի Օսիպյանը լսել է, թե Շանթ Հարությունյանն ինչ է խոսում լրագրողների հետ:
«Հայտարարություններ անելուց լրագրողները հարցրին՝ հեղափոխություն եք ուզում անել, նա ասաց՝ արդեն սկսել եմ: Հետո զրահաբաճկոնը իր հագից հանեց եւ տվեց տղային: Երթը սկսվելիս էլի առանձնացանք Շանթ Հարությունյանի հետ, եւ նա խոստացավ, որ բան չի լինելու, հավատացի: Եթե տեսանյութերն ուշադիր եք նայել, իմ հանգստությւնից երեւում է, որ ես չեմ անհանգստանում, եթե կասկածեի, այդ հատված լրացուցիչ ուժեր կկանչեի: Լրագրողներն իջան փողոցի բանուկ մաս, հետո Շաթը եւ իր ընկերները: Ես ասել եմ՝ հետ եկեք, ինչ եք անում, իրենք հրում էին ոստիկան Գեղամ Խաչատրյանին, անյուհետեւ մեզ բոլորիս: Դրանից հետո հրմշտոց, անհասկանալի մթնոլորտ ստեղծվեց: Պայթուցիկները խփում էր գետնին՝ քաոս, խառնաշփոթ, ծեծ՝ ոստիկանների ուղղված: Ես հրավիրեցի պահեստային ուժեր, մենք ուզում էին կարգի հրավիրել նրանց, ուժերը մետենալուն պես շղթա կազմեցինք եւ դուրս հանեցինք մարդկանց: Բոլորին, որոնք ագրեսիվ պահվածք ունեին, հրահանգեցի բերման ենթարկել»,- ավելացրեց գործով տուժող փոխոստիկանապետը:
Օսիպյանը պատմեց նաեւ, թե ինչպես է ինքը տուժել. «Ես փորձում էի Շանթի հետ խոսել, պարզաբանություն ստանալ, ասում էի, որ դադարեցնեն, փորձում էի մահակը վերցնել, իր կողմնակիցներից մեկը ինձ հրեց, չեմ հիշում, թե ով էր: Ես ինքս մարմնական վնասվածք չեմ ստացել, պահի տակ աչքերս են ցավացել, որոշ ժամանակ անց մրմռոցն անցել է»:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանի հարցին, թե արդյոք Երեւանի փոխոստիկանապետն է ոստիկաններին ասել, որ ինքը գնում է Բաղրամյան 26, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Այո մեր եւ ձեր միջեւ եղել է այդ մասին խոսակցություն: Դուք մեկ ասում էիք՝ գնալու եք, մեկ ասում էիք՝ փոքր կենտրոնով շրջելու եք»:
Շանթ Հարությունյանը պնդեց, որ նման խոսակցություն չի եղել եւ Բաղրամյան 26 գնալու միտքը իրեն տվել է Վալերի Օսիպյանը. «Դուք ասացիք՝ նախագահակա՞ն եք գնում, ես էլ ասեցի՝ բայց վատ միտք չի: Դուք էլ ասացիք՝ էս ինչ ես սարքում, դրանից հետո ես ասացի՝ կարաս զեկուցես, որ Շանթը իմ խաթր չի գնալու Բաղրամյան 26»:
Դրան ի պատասխան Վալերի Օսիպյան ասաց՝ «Իմ եւ Ձեր հարաբերությունները Դուք-ից այն կողմ չեն անցել»:
Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը, անդրադառանալով քաղաքացիական հագուստով օպերատիվ ոստիկաներին, հարցրեց, թե ինչու են նրանք միջամտել իրենց երթին, եթե փոխոստիկանապետը հրահանգել է տարածության պահել, ինչին Օսիպյանը պատասխանեց. «Իրենց հրահանգ պետք չի, որ միջամտեն, եթե տեսնում են մարդու կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում, դե մի բան եղել է, որ միջամտել են»:
Այս պատասխանից Շանթ Հարությունյանը բորբոքվեց, նրան դատարանի դահլիճից հեռացրին եւ եւ դատավորը կես ժամ ընդմիջում հայտարարեց:





























