Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր երկրի տնտեսական զարգացման եւ ռազմավարական շահերից եւ մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե հաշվի առնելով ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ եւ Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցների Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության շուրջ առկա ձգձգումները, կարելի՞ է արդյոք ակնկալել այդ կառույցին Հայաստանի անդամակցության քաղաքականության վերանայում:
«Հայաստանն անշուշտ ձգտելու է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը`ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը: Դա նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանին`արտահանման իր հիմնական շուկաներում մրցակցային առավելությունների մեծացման եւ արտահանման ծավալների ավելացման, Միության անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման, ինչպես նաեւ այդ պետություններից Հայաստան ուղղակի ներդրումների խթանման առումով»,-ընդգծել է ԱԳ նախարարը:




























