Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության աճումը տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերի հարաբերությունների փոփոխության հետեւանք է: Այս մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ստատուս-քվոն որոշիչ մասով ձեւավորվել եւ պահպանվում էր որպես այդ ուժերի միջեւ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունք:

Ներկայումս նրանց հարաբերություններն էապես փոխվել են: Արեւմուտքը եւ Ռուսասատանը, վերածվել են միմյանց հետ հակամարտող կողմերի եւ ձգտում են մեկը մյուսին դուրս մղել տարածաշրջանից:

Այս ամենի հետեւանքով, հատկապես՝ սեպտեմբերի 3-ից հետո, դիտվում է Մինսկի խմբի միջնորդական եւ վերահսկիչ ներուժի ու ազդեցության թուլացման գործընթաց, ինչը Արեւմուտքը ցանկանում է կասեցնել:

Զուգահեռաբար՝ սեպտեմբերի 3-ից հետո հայաստանյան վարչախմբի վարած արտաքին քաղաքականության տատանումների էական մեծացման պատճառով կտրուկ կերպով սկսեց նվազել Հայաստանի սուբյեկտայնությունը:

Այդ պատճառով արտաքին անվտանգության բեռը մնացել է ժողովրդի եւ նրա բանակի ուսերին:Ադրբեջանը, առիթից օգտվելով, շփման գծի տարբեր հատվածներում սադրանքի է դիմում՝ նպատակ ունենալով փորձարկելու մեր պաշտպանունակությունը, ինչպես նաեւ շոշափելու միջազգային ռեակցիան:

Ուստի Նախախորհրդարանն առավել քան արդիական է համարում հայության կամքով ու ձեռքով վարչախմբին հեռացնելու, ժողովրդի իշխանությունը վերահաստատելու եւ Հայաստանի սուբյեկտայնությունը վերականգնելու հրամայականը:

Միեւնույն ժամանակ՝ Նախախորհրդարանն իր զորակցությունն է հայտնում մեր զինծառայողներին ու սահմանային բնակավայրերի բնակիչներին՝ նրանց ցուցաբերած արիության եւ անձնազոհության համար եւ մեր ժողովրդին կոչ է անում պատրաստ լինել միահամուռ կերպով ոտքի ելնելու ու մեր Հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին: