ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալթերն, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը եւ Պիեր Անդրիեն խորին մտահոգություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին բռնության աճի կապակցությամբ, ինչը վերջին օրերին հանգեցրել է բազմաթիվ զոհերի:
Նրանք ցավակցություն են հայտնել զոհերի ընտանիքներին եւ կիսում են նրանց կորստի վիշտը, նշվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ:
ԵԱՀԿ գործող նախագահն ու Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ իրենք խորապես մտահոգված են, որ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի նշանով մեքենան գնդակոծվել է տեղի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին: Նրանք վճռականորեն դատապարտել են քաղաքացիական անձանց դեմ դիտավորյալ գործողությունները եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ուղղությամբ հրաձգությունը, ինչպես նաեւ կողմերին հիշեցրել են Ժնեւի կոնվենցիայով սահմանված պարտականությունների մասին:
ԵԱՀԿ ներկայացուցիչները դիմել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը մեղմելու համար եւ հետեւել զինադադարին: Նրանք ընդգծել են, որ փոխհատուցումն ու հետագա բռնությունը կբարդացնեն կայուն խաղաղություն ձեռք բերելու ջանքերի շարունակությունը: Նրանք նաեւ կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին որքան հնարավոր է շուտ վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները՝ որպես միակ միջոց տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:





























