Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցությունը հնարավոր է, բայց դա, միաժամանակ լրիվ համատեղելի է Ռուսաստանի հետ համագործակցության հետ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին TV 5 Monde հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ուկրաինայի ԱԳ նախարարի խոսքով՝ ներկայումս Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ բարդ են այն պարզ պատճառով, որ չկա վստահություն: «Անհրաժեշտ է վերականգնել վստահությունը երբեմնի վստահությունը Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարաբերություններում: Բայց դա կախված է ոչ միայն Կիեւի կամքից, այլեւ Ռուսաստանի: Եվ կարեւոր է, որ նման ձգտման մասին դատեն ոչ թե խոսքերով, այլ իրական գործերով»,-ասել է Կլիմկինը՝ վստահություն հայտնելով, որ Ռուսաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան Եվրոպայի մաս են:

Ուստի, ըստ նրա, եվրոպական արժեքները եւ նորմերը պետք է գերիշխեն Ռուսաստանում: «Մենք հանդես ենք գալիս Ռուսաստանի հետ արդյունավետ համագործակցության օգտին: Մենք համարում ենք, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցությունը հնարավոր է, բայց դա, միաժամանակ լրիվ համատեղելի է Ռուսաստանի հետ համագործակցության հետ: Դա իրագործելի է ինչպես տնտեսական, այնպես էլ մարդասիրական տեսանկյունից, սակայն դրա հետ մեկտեղ պետք է լինի քաղաքական կամք՝ նման ուղիով ընթանալու համար»,-վստահեցրել է ուկրաինացի նախարարը: