Չնայած Եթովպիայի հայ համայնքի քիչ թվին՝ Ադիս-Աբեբայում դեռ գործում է հայկական դպրոցը, եկեղեցին ու ակումբը: Այդ մասին Եթովպիայի հայ համայնքին նվիրված իր հոդվածում գրում է «Associated Press»-ի լրագրող Բեթան ՄաքՔերնանը:

Սուրբ Գեորգիի հայկական եկեղեցում միջինը տարեկան հոգեհանգստի երկու արարողություն է լինում եւ մեկ հարսանիք երեք տարին մեկ անգամ, իսկ մկրտությունը՝ հինգ տարին մեկ անգամ:

Ինչպես կատակում է տեղական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Նալբանդյանը, ոմանք եկեղեցի են գալիս միայն հորիզոնական դիրքով: Վարդգեսը մեկն է այն քչերից, որոնք պահպանում են հայկական համայնքը: Չնայած նրան, որ 60-ական թվականներին 1200 մարդ էր հաշվվում, այժմ այնտեղ ապրում է 100-ից էլ քիչ հայ:

Հոդվածում նշվում է, որ հայ ոսկերիչները, առեւտրականներն ու ճարտարապետները հրավիրվել են Եթովպիա ավելի քան 150 տարի առաջ կայսր Յոհանես IV-ի կողմից: 1915թ.-ին հայերի ցեղասպանությունից հետո հայերին ընդունեց Խայլե Սելասիեն, ով հետագայում դարձավ Եթովպիայի կայսր:

Ի պատասխան դրա` Եթովպիայի հայերը բացառապես չեզոքություն են ցուցաբերել: Առեւտրականների մեկն օգտագործել է իր եվրոպական կապերը եթովպական ընդդիմական շարժման համար զենք գնելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Մյուսները ընդհատակյա թերթ էին հրատարակում: Մի քանի հայ նույնիսկ զոհվել են հանուն նոր հայրենիքի:

Սալպի Նալբանդյանի խոսքով՝ Վարդգեսի քրոջ, հայերը պալատում մեծ հեղինակություն ունեցող անդամներ էին: Օրինակ, արքայական թագերը ստեղծում էին հայ վարպետները:

Սակայն Եթովպիայի հայերը վատ ժամանակներ էլ են ապրել, նրանց ունեցվածքն ու սեփականությունը 1974թ.-ին առգրավվել է կոմունիստների կողմից:

Սալպա եւ Վարդգես Նալբանդյանների ընտանիքը մեծ ներդրում է կատարել Եթովպիայի ժառանգության գործում: Նրանց պապիկի եղբայրը գրել է Եթովպիայի առաջին պետական հիմնը, հայրը՝ Ներսեսը, հայտնի է էթնո-ջազի իր ստեղծագործություններով:

Այս պահին Եթովպիայի հայ համայնքը հիշեցնում է սփյուռք սփյուռքի ներսում: Երեխաներն ու թոռները, որոնք բնակվում են ԱՄՆ-ում եւ Կանադայում, Ադիս-Աբեբա են այցելում իրենց նախնիների ծննդավայրը տեսնելու համար:

Սակայն Վարդգես նալբանդյանը համաձայն չէ, որ համայնքը մեռնում է: Մասնավորապես, նա նշել է, որ որոշ սիրիահայեր մտադիր են Ադիս-Աբեբա տեղափոխվել: