Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Ուկրաինայի արեւելյան շրջաններից տեղեկացնում է, որ ռուսամետ ակտիվիստները սպառնում են բուժաշխատողներին, ինչպես նաեւ հափշտակում եւ վնասում են բժշկական սարքավորումները, խոչընդոտում են քաղաքացիական անձանց՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքին: Իրավապաշտպանները նշում են զինված ակտիվիստների կողմից շտապօգնության մեքենաները գրավելու եւ դրանք ռազմական գործողությունների մասնակիցների համար որպես փոխադրամիջոց օգտագործելու դեպքերի մասին:

Ըստ կազմակերպության ներկայացուցիչների, նման գործողությունները կտրականապես արգելված են պատերազմի օրենքներով եւ սովորույթներով, որոնք հատուկ պաշտպանություն են նախատեսում ինչպես բուժանձնակազմի եւ բժշկական հաստատությունների, այնպես էլ վիրավորների եւ հիվանդների համար:

«Ռուսամետ ակտիվիստների հարձակումները բուժհաստատությունների եւ դրանց անձնակազմի վրա վտանգում են հիվանդներին, առանձնապես խոցելի անձանց եւ նրանց խնամքն ապահովողներին»,- Human Rights Watch-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հետազոտող Յուլիա Գորբունովայի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:

Human Rights Watch-ը նաեւ վավերագրել են բժշկական հաստատությունների գնդակոծությունները, ինչի արդյունքում առնվազն 2 բուժաշխատող է զոհվել: Մատնանշվում է որոշ գնդակոծություններին ուկրաինական կառավարական ուժերի մասնակցությունը, սակայն հանգամանքների հավաստիության համար իրավապաշտպաններն ընդգծում են լիարժեք հետաքննության անհրաժեշտությունը: