ՌԴ պաշտպանության նախարարությունը մտահոգություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջեն Փսակիի՝ «աշխարհագրական տարրական գիտելիքների բացակայության» առիթով եւ խորհուրդ է տվել հայտարարություններ պատրաստելիս քարտեզից օգտվել: Ռուսական ռազմական գերատեսչությունն այս կերպ է մեկնաբանել Աստրախանի մարզում ուսումնավարժանքներ անցկացնելու առիթով ամերիկյան վարչակազմի արտահայտած «մտահոգությունը»: 

Օգոստոսի 4-ին Ջեն Փսակին հայտարարել էր, որ Վաշինգտոնը «խորը անհանգստություն է հայտնում Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում այս շաբաթ ռազմական ավիացիայի վարժանքներ անցկացնելու՝ Ռուսաստանի ծրագրերի առնչությամբ»՝ այդ անվանելով «սադրանք»: Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 4-8-ն Աշուլուկում վարժանքների անցկացումը ծրագրվել է դեռեւս անցյալ տարի, դրանց մասնակցելու են ավելի քան 100 թռչող սարքեր:

«Աշուլուկը շուրջ 1.000 կմ հեռու է ռուս-ուկրաինական սահմանից»,- Փսակիին ի պատասխան՝ հիշեցրել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը: Այս մասին գրում է ИТАР-ТАСС գործակալությունը:

«Այդ պատճառով նման հայտարարություններ պատրաստելիս, համաշխարհային հանրությանը շփոթեցնելուց առաջ, օգտակար կլիներ ուսումնասիրել ոչ միայն սոցիալական ցանցերի տեղեկատվությունը, այլեւ դիմել պաշտոնական աղբյուրների օգնությանը, օրինակ՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կայքին եւ աշխարհագրական քարտեզին»,- խորհուրդ է տվել գերատեսչության ներկայացուցիչը: