Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չճանաչված անկլավի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ իրադարձությունն այնքան է սրվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անհետաձգելի հանդիպումը պարզապես անհրաժեշտություն է դարձել նոր պատերազմը կանխելու համար: Նյութը պատրաստել է «Ռուսաստանի ձայնը» պետական ռադիոկայանի ֆրանսիական ծառայությունը:

Ռադիոկայանի կայքի համաձայն, եթե չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին բախումները 6 ամիս առաջ լինեին, ապա, հավանաբար, որեւէ բան չէր զարմացնի Երեւանի եւ Բաքվի հեռու եւ մոտ հարեւաններին: Այդ գոտում բախումները գրեթե սովորական են: Սակայն Ուկրաինայի ճգնաժամը լարվածությանը չարագույժ բնույթ է տվել:

Ինչպես հաղորդում է «Ռուսաստանի ձայնը», ներկայումս Ռուսաստանը շահագրգռված չէ հայ-ադրբեջանական հակամարտության «հալեցմամբ»՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: Չէ՞որ նա ստիպված է այս կամ այն կերպ պաշտպանել Հայաստանին, որը շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: «Ես չեմ ցանկանում դիմել դավադրության տեսությանը, սակայն չեմ բացառում, որ ներկայիս իրավիճակը Արեւմուտքի գործողությունների արդյունք է», - ասել է Մոսկվայի Քառնեգիի կենտրոնի  գիտխորհրդի անդամ Ալեքսեյ Մալաշենկոն:

Մեկ այլ ռուս փարձագետ, Սանկտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտության կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն չի երկմտում ԱՄՆ-ին մատնանշելու հարցում: Նրա խոսքով՝ լատենտային հակամարտությունը  տարածաշրջանի երկրների եւ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու շատ լավ գործիք է:

Համաձայն կայքի, որոշ ռուս փորձագետներ կարծում են, որ Միացյալ Նահանգները դիտավորյալ բորբոքում են «լատենտային» հակամարտությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթացում է գտնվում: