Ասորի ժողովուրդը համաշխարհային հանրությունից պահանջում է  դատապարտել թուրքական քաղաքականությունը եւ Օսմանյան կայսրությունում հայերի եւ ասորիների ցեղասպանության հերքումը: Այսօր՝ օգոստոսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի «Ատուր» ասորիների միության ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը՝ կարդալով Համաշխարհային ասորական դաշինքի (AUA) ուղերձը՝ հասցեագրված համայն աշխարհի դիվանագետներին:

Ուղերձում նաեւ ընդգծվում է, որ Ցեղասպանության հետեւանքով կորսված տարածքներն ու նյութական արժեքները պետք է փոխհատուցվեն միջազգային նորմերի շրջանակներում: Հեղինակները նաեւ ուշադրության են հրավիրում այն հանգամանքին, որ այժմյան թուրքական կառավարությունը շարունակում է իր նախնիների քաղաքականությունը՝ առաջնորդվելով «մեկ ազգ, մեկ դրոշ» կարգախոսով: Թուրքիայում այսօր էլ պարբերաբար հետապնդումների են ենթարկվում տարբեր ազգային փոքրամասնություններ, եւ ոչնչացվում են նրանց մշակութային եւ հոգեւոր արժեքները: