Ռուսաստանը հետաձգում է ռուս-ճապոնական խորհրդակցությունները Ռուսաստանի դեմ Ճապոնիայի կողմից ընդունված նոր պատժամիջոցների պատճառով, հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:

«Իսկապես, այս ժամանակահատվածում Մոսկվայում արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով ռուս-ճապոնական խորհրդակցություններ էին ծրագրվել: Սակայն Տոկիոյի կողմից հերթական հակառուսական պատժամիջոցների ընդունման ֆոնին նման հանդիպման անցկացումը տեղին չենք համարում». – ասվում է հաղորդագրության մեջ:

Ճապոնական կողմը տեղեկացվել է այս մասին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նկատմամբ Ճապոնիայի պատժամիջոցների ցուցակում 40 ֆիզիկական անձինք եւ 2 ընկերություն են ներառվել, այդ թվում՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Ղրիմի ղեկավարի պաշտոնակատար Ռուստամ Տեմիրգալիեւը, Ղրիմի հանրապետության դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինների հրամանատար Իգոր Ստրելկովը, ԴԺՀ-ի վարչապետ Ալեքսանդր Բորոդայը: