Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած գնդակոծության ժամանակ ամերիկյան գեներալի զոհվելու լուրը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Reuters գործակալությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Քաբուլի արեւմուտքում տեղակայված ռազմաբազայում մարզումների ժամանակ: Կրակը բացել է աֆղանական զինվորական համազգեստով ահաբեկիչը: Արդյունքում զոհվել է ԱՄՆ զինված ուժերի գեներալը, եւս 15 մարդ վիրավոր է:

ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Բարաք Օբաման տեղեկացվել է կատարվածի մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աֆղանական բանակի զինվորը կրակ է բացել Քաբուլում բրիտանական զինվորական ակադեմիայի տարածքի ուղղությամբ, վիրավորների թիվը հայտնի չէ: Սակայն հայտնի էր, որ նրանց թվում մեկ գեներալ կա:

Որոշ տվյալներով, գնդակոծության պատճառ կարող էր դառնալ աֆղանցի զինվորների եւ ՆԱՏՕ-ի զինծառայողների միջեւ կոնֆլիկտը: