Կանադան ընդլայնել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկը: Այս տեղեկությունն օգոստոսի 6-ին հրապարակվել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի կայքում:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հրապարակված տեղեկատվության համաձայն, պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են 19 ֆիզիկական անձ եւ 22 կազմակերպություն, այդ թվում՝ բանկային կառույցներ: Ռուսական բաժնում ներկայացված են ԱԴԾ-ի տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը, Անվտանգության խորհրդի անդամ Բորիս Գրիզլովը, ԱԴԾ 5-րդ վարչության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը, Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը, ՌԴ նախագահի օգնական Իգոր Շչեգոլյովը, «Ռոսիա» բանկի երկրորդ բաժնետեր Նիկոլայ Շամալովը, ռուսաստանցի գործարար Կոնստանտին Մալոֆեեւը, Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովը, ինչպես նաեւ Վալերի Տրավկինը, ով, կայքի հավաստմամբ, հատուկ ծառայությունների աշխատակից է:

Ռուսական իրավաբանական անձանցից կանադական պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են Մոսկվայի Բանկը, «Դոբրոլետ» ավիաընկերությունը, Ռոսսելխոզբանկը, Ռուսական ազգային կոմերցիոն բանկը, Նավաշինական միացյալ կորպորացիան եւ ՎՏԲ բանկը:

Ցանկի ուկրաինական բաժնում ընդգրկված են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) Պաշտպանության նախարարության զորակոչի վարչության ղեկավար Պավել Գուբարյովը եւ նրա կինը՝ Եկատերինա Գուբարյովան, Ղրիմի Հանրապետության ներքին գործերի նախարար Սերգեյ Աբիսովը, ԴԺՀ Գերագույն խորհրդի նախագահ Բորիս Լիտվինովը, ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) կառավարության մամուլի խոսնակ Օքսանա Չիգրինան:

Բացի այդ, կանադական կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել նաեւ Ղրիմի պետական 9 կազմակերպությունների դեմ: