Բրիտանական Քարդիֆ քաղաքի ոստիկանները փնտրել են անհետացած մարդու, բայց մարիխուանայի պլանտացիա են հայտնաբերել: Թմրավաճառները թույլ թմրամիջոցների արտադրություն են սկսել հոգեբուժարանի լքված պալատներից մեկում: Հայտնաբերվածի արժեքը կազմել է շուրջ 53 հազար դոլար: Այս մասին գրում է «Mirror»-ը:

Բրիտանացի ոստիկանները լայնածավալ գործողություն են սկսել հունիսին անհետացած անհայտ անձին գտնելու համար: Ինչ-որ պահի որոնումները բերել են Ուիթչերչ հիվանդանոց, որը Քարդիֆում բացվել է 1904 թվականին, իսկ վերջին տարիներին մասամբ լքված էր:

Ըստ «Vesti.ru»-ի, մանրամասն հետազոտելով շենքի յուրաքանչյուր քառակուսի մետրը՝ իրավապահները բախվել են անսպասելիին. նրանք մարիխուանայի աճեցման գաղտնի լաբորատորիա են գտել: Հոգեբուժարանի լքված մասնաշենքի պալատներից մեկում թմրավաճառները լամպեր եւ անհրաժեշտ այլ սարքեր են տեղադրել «խոտի» աճեցման համար, որոնք ապօրինաբար միացրել են հիվանդանոցի էլեկտրացանցին:

Ոստիկանների խոսքով՝ իրենց հաջողվել է առգրավել ավելի քան 30 բույս, որոնց ընդհանուր արժեքը գերազանցել է 53 հազար դոլարը: Իրավապահները հայտարարել են, որ այդ պալատը մի քանի տասնամյակ լքված է եղել: