Ուկրաինայի իշխանությունները կորցրել են վերահսկողությունը «Աջ սեկտոր» ծայրահեղական խմբավորման նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Ռուաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ դա է հաստատում Ուկրաինայի ՆԳՆ հասցեին ուղղված կազմակերպության դեմարշը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կիեւի իշխանությունները չեն կարողանում վերահսկել բազմաթիվ զինված խմբավորումներին, մասնավորապես՝ «Աջ սեկտորին», ինչից մեր կարծիքով կազմված է Ազգային գվարդիան, իսկ «Աջ սեկտորի»՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությանն ուղղված դեմարշը վկայում է այդ մասին», - հայտարարել է Լավրովը Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումից հետո:
Լավրովը նաեւ հայտարարել է օլիգարխների կողմից ստեղծված գումարտակների, մասնավորապես՝ «Դնեպրի» եւ «Ազովի» նկատմամբ ուկրաինական իշխանությունների վերահսկողության բացակայության մասին: Նախարարը ընդգծել է, որ խնդիրը լուրջ բնույթ է կրում եւ հավելել, որ այդ կապակցությամբ Ռուսաստանը պնդում է, որ Կիեւը համազգային երկխոսություն կսկսի եւ Ուկրաինայի հարավ-արեւելքին ազգային հաշտեցման իր շահագրգռվածությունը ցույց տա:





























